Հայտարարություն
Մենք՝ հասարակական և քաղաքական տարբեր շրջանակների ու կազմակերպությունների ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ օրենքով հանրային շահին ծառայելու և բազմակարծություն ապահովելու նպատակով ստեղծված Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերի հաշվին գործող այդ Հանրային մեդիա համակարգը խաթարում է հանրային խոսքի հավասարակշռությունը, խեղաթյուրում է հասարակական իրողությունները և, հակասելով ՀՀ օրենքներին ու հանրային բարոյականության նորմերին, դարձել է իշխող քաղաքական ուժի ազդեցության հիմնական գործիքը։
Ստեղծված իրավիճակը ուղղակիորեն հակասում է խմբագրական անկախություն երաշխավորելու, քաղաքական և գաղափարական չեզոքություն ապահովելու, հանրային շահին ծառայելու, միակողմանի քարոզչությունն արգելելու «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի Հանրային հեռարձակողի պարտավորությունների հստակ սահմանումներին։
«Հանրայինը վերադարձնենք հանրությանը» խորագրով կլոր սեղանի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին թե´ իրավական, և թե´ կազմակերպական առումներով հետևողականորեն աշխատել առկա անառողջ կացությունը շտկելու ուղղությամբ։
Հանրային լրատվամիջոցները չեն կարող լինել մասնավոր շահերն ու տեսակետները սպասարկող քարոզչական հարթակ։ Մենք համոզված ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոն, իրենց կոչմանը հավատարիմ մնալով, պարտավոր են ապահովել հեղինակություն և վստահություն հանրության շրջանում։
Սույն հայտարարությունը բաց է միանալու բոլոր այն քաղաքացիների և կազմակերպությունների համար, որոնք կիսում են այս մտահոգություններն ու նպատակները։
Երևան, 2025 թ. հոկտեմբերի 27
Պարույր Հայրիկյան
Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ
Հայկ Դեմոյան
Պատմական գիտությունների դոկտոր
Վահե Դարբինյան
«Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամ
Ժաննա Ալեքսանյան
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, գործադիր տնօրեն
Նինա Կարապետյանց
ՆԺԱՐ սահմանադրական շարժում
Սուսաննա Մուրադյան
Տնտեսագետ
Վիկտոր Մնացականյան
«Հաղթանակ» կուսակցություն
Կարեն Քոչարյան
Հեռուստահաղորդավար, վերլուծաբան
Գարեգին Չուգասզյան
Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ
Տիգրան Խզմալյան
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
Դավիթ Մարգարյան
«Ապրելու Երկիր» կուսակցություն
Տիգրան Պետրոսյան
Լրագրող
Արտաշես Իկոնոմով
Գյուտարար, բիզնեսմեն